Օրը հինգշաբթի է, ուրեմն երեկոյան Մելիք-Ադամյան փողոցից սպասվում է առաջիկա շաբաթվա քաղաքական ու մերձքաղաքական քննարկումների թեմայի հերթական չափաբաժինը՝ ով ինչ ասաց ՀՀԿ ԳՄ նիստում, ով ինչպես լռեց, ով ում ինչ կոչ արեց, ու՝ ըտենց: Այն, ինչ այսօր սպասվում է ՀՀԿ ԳՄ նիստում, բոլորը սպասում էին մեկ ամիս առաջ՝ փետրվարի տասին, երբ ողջ քաղաքը խոսում էր՝ Սերժ Սարգսյանը երեկոյան սահմանադրական բարեփոխումներին ընթացք տալու մասին է ասելու: Սկսում են: Սկսեցին: Քաղաքական դաշտը «մաքրելուց», թեպետ ոչ անձամբ Գագիկ Ծառուկյանը, ոչ իշխանափոխություն պահանջող ԲՀԿ-ն իրականում սահմանադրական կոնսոլիդացիայի խոչընդոտ չէին, ինչպես անցած մեկ ամիսը ցույց տվեց: Կոնսոլիդացիան հիմա էլ նրանց չի վերաբերելու: ԲՀԿ-ն պահպանելու է իր ընդդիմադիր կեցվածքը, ինչպես ՀԱԿ-ը, բայց հիմա արդեն նրանք ոչ թե Սահմանադրության փոփոխության դեմ են պայքարելու, այլ ապահովելու են գործընթացի լեգիտիմությունը, քննարկումներում նաև «դեմ» կողմերի առկայությամբ քաղաքական պայքարի իմիտացիան: Իրականում Սահմանադրության փոփոխությանը սկզբունքորեն «դեմ» քաղաքական ուժ չկա, ինչպես չկա փոփոխությանը սկզբունքորեն «կողմ» քաղաքական ուժ՝ ինչ էլ հայտարարեն առավոտից երեկո: Երկրի կառավարման մոդելի փոփոխությունը չէ բուն խնդիրը, այլ՝ իշխանության ձևավորումը ընտրական նոր ցիկլում: Սահմանադրությունը միջոց է՝ այդ գործընթացները իրավական դաշտում ներկայացնելով՝ քաղաքական խնդիրներ լուծելու համար: Այդ գործում ՀՀԿ-ն միայնակ չէ՝ խաղի մեջ բոլորն են առանց բացառության, որ սկսել են ապագա խորհրդարանում խմբակցությունների թվի ու խմբակցությունների անդամների թվի հաշվարկը: Իսկ ինչո՞ւ ոչ:
Եվ միանգամայն տրամաբանական է, որ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է հանդիպումներ ունենալ երկրի քաղաքական ուժերի հետ և ակտիվ քննարկումների նոր շարք է սկսում սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ՝ ինչպես այսօր ասել է նրա մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը: Քաղաքական լայն համերաշխության մթնոլորտը, որ ակնկալում է Վենետիկի հանձնաժողովը, շատ արագ կձևավորվի՝ քարոզչությունը հզոր զենք է:
Եթե Սերժ Սարգսյանը հերթական անակնկալը չմատուցի, ու այսօր երեկոյան որևէ այլ հայտարարություն չանի, այսօրվանից Սահմանադրության փոփոխության հարցը դառնալու է սահմանագիծ քաղաքական դաշտի համար՝ ովքեր են կողմ ու ովքեր են դեմ: Բայց այդ սահմանագիծը եզակի դեպքերում է միայն արտահայտելու բուն պատկերը՝ հիմնականում արտախորհրդարանական ուժերի համար, որ իշխանությունից կախում չունենալով՝ կարող են ազատ արտահայտել իրենց տեսակետները ու պաշտպանել իրենց «կողմ» կամ «դեմ» լինելը՝ առանց խորհրդարանում լինել-չլինելու ենթատեքստի: Նրանք վաղուց արդեն Հայաստանի իրական ընդդիմությունն են ներկայացնում, որի ձայնը բարձր չէ, բայց կա ու ընտրություններում լսվելու է՝ թիկունքում ունենալով ընդդիմադիր ժողովուրդ, որին բոլորն առանց բացառության տուն են ուղարկել, բայց որը հրապարակ է դուրս գալու ու գտնելու է նրան, ով արդեն չի կարող տուն գնալ ու տուն ուղարկել: Սա է ամբողջ պատմությունը, ու հիմա խնդիրը ոչ այնքան հասարակական կոնսոլիդացիա ձևավորելն է սահմանադրական բարեփոխումների շուրջ, որքան հասարակական կոնսոլիդացիան կանխելը, իսկ դրա համար խորհրդարանական քաղաքական դաշտի բոլոր կուսակցությունները կանեն հնարավորը՝ ՀՀԿ-ից մինչև «Ժառանգություն»: Քաղաքական դաշտի ոչ մի վերաֆորմատավորում չի եղել, ոչ մի երկրորդ, երրորդ ու հաջորդ փուլ չի սկսվել, շարունակվում է առաջին ու վերջին փուլը, որի նպատակն է բոլորին հավաքել նույն կերակրատաշտի շուրջը, իսկ նրանց, ովքեր չեն գա, ընդհանրապես քաղաքական դաշտից դուրս մղել: Խորհրդարանական կառավարումը ժողովրդավարության նոր աստիճան է, որը Հայաստանում ապահովելու է ժողովրդավարության քայլ առաջ՝ սա է լինելու սահմանադրական բարեփոխումների հիմնական կարգախոսը՝ մի քիչ լավ, մի քիչ վատ ձևակերպված, ուրեմն ովքեր դեմ են ժողովրդավարությանը՝ դեմ են Հայաստանի զարգացմանը: ՈՒ՞մ է հետաքրքրում, որ Հիմնական օրենքից սկսած որևէ օրենք Հայաստանում գործում է խիստ ընտրովի: Համակարգային փոփոխությունը ոչ թե Սահմանադրության փոփոխությունն է, այլ՝ իշխանափոխությունը, որը Հայաստանում ընտրությունների միջոցով չի կատարվում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ հետո Սահմանադրություն կփոխի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ու հայկական երկու պետությունները կամրապնդեն կառավարման համակարգը, իսկ իրականո՞ւմ…